понедельник, 4 июля 2011 г.

Մեզ աշխատանք է պետք!!!

Վերջապե~ս... վերջացան այս նյարդայնացնող քննությունները, արդեն կարելի է վայելել ամառային արձակուրդները: Արձակուրդ... ինչքան սպասված պահ, հարկավոր է այնպես անել, որ այս օրերը նոր էներգիա տան, որպեսզի կարողանանք դիմանալ հաջորդ ուսումնական տարվա փորձություններին: Իսկ ինչպե՞ս հետաքրքրացնել ժամանակը: Այսօր կարելի է այցելել մի բարեկամի, երեկոյան ֆիլմ դիտել, վաղը այցելել մի այլ բարեկամի ու մի այլ ֆիլմ դիտել, հաջորդ օրն էլ ընկերներով հավաքվել: Կարծես թե վատ չէ: Բայց մենք պլանավորեցինք միայն առաջին մի քանի օրը, եթե շատ ուզենք, այսպես կարող ենք անցկացնել ևս որոշ ժամանակ, բայց չէ՞ որ արձակուրդները երկու ամսից նոր ավարտվելու են: Հետո էլ մեծ քույրերն ու եղբայրները սկսում են բողոքել, թե ողջ օրը քնում ենք, ոչինչ չենք անում կամ էլ անընդհատ համակարգչի առջև ենք, «Իսկ մենք,- ասում են նրանք,- ձեր տարիքին համ աշխատում էինք, համ էլ սովորում»: Էլ չեմ ասում, որ մեզ մեղադրում են ծուլության մեջ: Բայց մի՞թե մենք բոլորս ծույլեր ու անգործներ ենք, ախր այդպես հնարավոր չէ, ուրիշ բան այս խոսքերը ժամանակակից ուսանողների մի մասին վերաբերեին, բայց կարծես թե այդպես չէ: Այսօր գրեթե բոլոր ծնողները բողոքում են, որ երեխաները ոչինչ չեն ուզում անել ու շարունակ օրինակ են բերում մեր մեծ եղբայրներին ու քույրերին, ովքեր ամառները պարապություն անելու փոխարեն աշխատել են ու գնացել հանգստանալու` դե բնականաբար ուսանողական զեղչերից օգտվելով: Բայց մի՞թե մենք մեղավոր ենք, որ այն Հայաստանում չենք սովորում, որում դուք եք սովորել, հարգելի' մեծ քույրեր ու եղբայրներ, այդ ե՞րբ հարմար աշխատանք գտնվեց ու չաշխատեցինք: ՈՒրիշ բան` մենակ ես անգործ լինեի, ասեիք` ծույլ եմ, բայց չէ՞ որ այսօր շատերն են անգործ, նույնիսկ ավարտածներն աշխատանք չունեն, այդ ինչպե՞ս ենք մենք գործ գտնելու: Հիմա երևի առարկեք ինձ` ասելով, որ շատերին եք ճանաչում, ովքեր և' սովորում են, և' աշխատում: Ես էլ եմ ճանաչում նման ուսանողնորի: Խեղճերը առավոտյան 8.30-ին արդեն լսարանում են լինում, որ կրեդիտ չկորցնեն, ժամը 3-ի մոտերը վերջացնում են դասերը, իսկ հետո գնում աշխատանքի ու մի կերպ, հոգնած-տանջված, երեկոյան ժամը 8-ին գալիս տուն: Չէի ասի, թե նախանձելի վիճակ է, ու եթե ես էլ այսօր ընտանեկան ժողով հրավիրեմ և հայտարարեմ, որ նման աշխատանք եմ գտել, համոզված եմ, սիրելի' ծնողներ, որ դուք հազար ու մի առարկություն կգտնեք ինձ աշխատել թույլ չտալու համար: Եթե օրինակ ես ասեմ, որ աշխատելու եմ որպես մատուցող, իսկ դրա կես դրույք աշխատանքը տևում է օրական 6 ժամ, համոզված եմ, որ ասելու եք.«6 ժամ ոտքի վրա կանգնելուց հետո դաս անելու տրամադրություն չես ունենա: Մի' մոռացիր, որ առաջին հերթին դու ուսանող ես»: Իմ այս փոքրիկ մտահոգությունը կհիշվի մի քանի օր, իսկ հետո ես նորից կդառնամ նույն ծույլիկն ու անաշխատասերը: Իսկ իմ մեծ քույրիկը դեռ ուսանող ժամանակվանից աշխատում էր իր մասնագիտությամբ, ինչը նրանից ամենաշատը շաբաթական 18 ժամ էր խլում և բացի այդ, նրա կես դրույքով աշխատելու տարիներին ամեն ինչը համեմատաբար շատ  ավելի էժան էր, այդ իսկ պատճառով էլ նրա վաստակած գումարը հերիքում էր նրան արձակուրդները վայելելու համար, էլ չեմ ասում, որ նրան` որպես ուսանողի, շատ ավելի էժան գներով էր հաջողվում տոմս ձեռք բերել, քան մեզ, չնայած հիմա էլ կան ուսանողական զեղչեր: Ու այս ամենից հետո դեռ մեզ ծույլ ու անգործունյա՞ եք համարում. շատ սխալ կարծիք ունեք մեր մասին, պարոնա'յք, մենք ավելի վատը չենք, քան մեզնից մեծերը, սերունդն էլ բնավ չի փչացել, ուղղակի փոխվել են ապրանքների գները, աշխատատեղերի քանակն ու ուսանողական զեղչերի համակարգը: Տվե'ք մեզ 5 տարի առաջվա Հայաստանն ու մենք էլ կլինենք օրինավոր զավակներ: Խնդրում եմ ինձ ծույլ չհամարել, դա ինձ խիստ վիրավորում է, որովհետև ես այդպիսին չեմ:

Комментариев нет:

Отправить комментарий