четверг, 28 июля 2011 г.

Այս անվերջանալի անտարբերությունն արդեն նյարդայնացնում է... Ինչու՞ չենք ուզում վերջապես հասկանալ, որ երկրի մասին մտածելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, ո՞վ է պարտավոր ձեզ համար բարեգործություն անել, երկարակյաց հա'յ ժողովուրդ, որ գոյությանդ այդքան դարերի ընթացքում էլ կյանքի փորձ ձեռք չբերեցիր: Հիմա ում մոտ սկսում ես քաղաքականությունից խոսել, ասում են. « Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, մեկ ա ամեն ինչ կեղծ ա, մեկ ա մենք ոչինչ չենք կարող փոխել, մեկ ա ամեն ինչ նախօրոք որոշված ա, այդ կեղտոտ գործերը ինձ համար չեն»: Այսպիսի ելույթներից հետո քիչ է մնում ծունկ չոքես ու ասես. «Խնդրում եմ, ներեցեք ինձ` կեղտոտիս, որ համարձակվում եմ հոդվածներիս մեջ որոշ չափով անդրադառնալ քաղաքականությանը: Ինձ նման անամոթ, իրասածի ու ամենագլխավորը` լեզվանի ուսանող չլիներ գրողը` իրեն վատ կզգար, կմտածեր, որ ճիշտ են, էլի, տատիկներն ու պապիկները, երբ մեզ արգելում են հետաքրքրվել քաղաքականությամբ` ասելով, որ մենք դեռ շատ փոքր ենք ու ոչինչ չենք հասկանում: Բայց մի' մոռացեք, հարգելինե'րս, որ մեր տատիկների ու պապիկների ժամանակ հեռուստացույց չկար, նրանք նորություններն իմանում էին իրար բանավոր փոխանցելով` բնականաբար ոչ միշտ նույն տարբերակով: Դրա համար էլ նրանք չէին կարողանում քաղաքականությունից գլուխ հանել. դե ինչպե՞ս եզրահանգումներ կատարել մի իրադարձության մասին, որի վերաբերյալ կոնկրետ ոչինչ հայտնի չէ: Իսկ մենք բավականին ինֆորմացված ենք, բացի այդ, փաստ է, որ մենք նաև ավելի կրթված ենք: Եթե մեր տատիկներն ու պապիկները հաճախ անգամ 10ամյա կրթություն չունեին, մենք հիմա բարձրագույն կրթություն ենք ստանում, ու ,մեծերին խնդրում եմ չնեղանալ, բայց համենայն դեպս, ավելի շատ գիտելիքներ ունենք, քան նրանք մեր տարիքում: Հետևաբար մենք կարող ենք մեզ քաղաքականությամբ հետաքրքրվելու իրավունք վերապահել, ավելին ասեմ, դա ոչ թե իրավունք է, որից կարող ենք օգտվել կամ չօգտվել, այլ պարտականություն: Մենք շարունակ բողոքում ենք, որ ղեկավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում երկրի վրա, շարունակ կողոպտում են ժողովրդին ու ուրիշ նման բաներ, բայց մի՞թե մենք արժանի ենք, որ մտածեն մեր մասին, երբ այս թանկացումներից, աշխատատեղերի փակումից ու մեզ համար կարևոր նշանակություն ունեցող այլ ոչ դրական փոփոխություններից հետո շարունակում ենք ասել, թե քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում: Դե եթե մենք չենք հետաքրքրվում մեր երկրի վիճակով ու չենք ուզում բարելավել մեր իսկ դրությունը, ուրեմն կարելի է արդարացնել ղեկավարությանն ու ընդդիմությանը: Նրանք էլ մտածում են, որ եթե հարմարվում ենք ու ամեն ինչ վերջանում է միայն հարևանին կամ արտասահմանում ապրող բարեկամին ֆինանսական ծանր դրությունից բողոքելով, ուրեմն ժողովրդի մասին մտածելու ի՞նչ կարիք կա: Մենք` հայերս, նման ենք այն ուսանողին, ով իր ցածր միավորի մասին բողոքում է բոլորին, բայց այդպես էլ չի բողոքարկում` մտածելով, որ մեկ է, միավորը չեն բարձրացնելու, և դա այն դեպքում, երբ մեկ ուրիշը մեզ հայտնում է իր հաջող բողոքարկման մասին: Հարկավոր է` սովորենք հարգել ինքներս մեզ, ստիպել բոլորին հաշվի առնել մեր կարծիքը, չէ՞ որ հասարակ քաղաքացիները սովորականից ավելի սահմանափակ իրավունքային ընկերության անդամներ չեն, իսկ նրանք, ովքեր այսօր <տնօրինում են> մեր կյանքը, անսահմանափակ: Մենք շարունակ կրկնում ենք, որ մի անձը ոչինչ չի կարող փոխել, բայց միաժամանակ թույլ ենք տալիս կոնկրետ անձերի փոխել մեր կյանքն ու առօրյան իրենց ձեռնտու պահին: Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է շարունակել անտարբեր մնալ, երբ այս ամենը մե'զ է վերաբերում, երբ հարկադրված արտագաղթի պատճառով մե'նք ենք բաժանվում սիրելի մարդկանցից: ՈՒ՞մ ենք սպասում: Ոչ ոք չի գա մեզ օգնության, երբ մենք կորցրել ենք հարգանքը սեփական անձի նկատմամբ, երբ մենք թույլ ենք տալիս որոշ մարդկանց, ովքեր մեր շնորհիվ դարձել են այն, ինչ կան, անտեսել մեր իրավունքները: ՈՒ փոխանակ մեզ հուզող ամեն հարցով դիմենք համապատասխան պետական մարմիններին, այնքան զզվեցնենք, մինչև գոնե մեզ չտեսնելու համար անեն մեր ուզածը, հարմարվում ենք` գլխացավանքների մեջ ընկնելու հավես չունենալու պատճառով: Քաղաքականությամբ հետաքրքրվել չի նշանակում կեղտի մեջ խրվել, մենք պետք է սովորենք ինքնուրույն հաղթահարել մեր խնդիրները, ոչ թե սպասել Ռուսաստանի, Ամերիկայի ու Եվրոպայի միջամտությանը: Երկրից հեռանալն էլ, ախր, խնդրի լուծում չէ, երբ շատերն անգամ տոմսի փող ու իրենց անելիքի մասին հստակ պատկերացումներ չունեն: Եվ այսքանից հետո ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ...

1 комментарий:

  1. Լիովին համամիտ եմ վերը գրված ամեն տողի հետ;Ինչպես ասում են`եթե ուզում ես տեղաշարժել աշխարհը,պետք է նախ և առաջ տեղաշարժես ինքդ քեզ:

    ОтветитьУдалить