воскресенье, 17 июля 2011 г.

Հեռուստադիտում կամ էշացման պրոցես




Հիմա էլ այս հեռուստացույցն է մերժում նորմալ ժամանց ապահովել: Ալիքները 20-ից ավելի են, և սակայն ոչ մեկով նայելու բան չկա: Արդեն ամեն ինչ սկսել է նյարդայնացնել: Նայում ես անջատված, ընդամենը նայելու համար, որ ժամանակ սպանես, այն էլ եթե առանց հեռուստացույցի գոնե մտածում ես ինչ-որ մի հետաքրքիր բանի մասին, այսպես ընդհանրապես ոչինչ չես անում: Անգամ չգիտես` նայում ես, թե չես նայում, ուղղակի անջատված նստած ես, այնքան իրար նման են մեր հայկական անվերջանալի սերիալները: Եթե արտասահմանցիներն արդեն այնքան են զարգացել, որ իրենց հեռուստահաղորդումներում խոսում են այլմոլորակայինների, տիեզերքի, մարդկային ներաշխարհի ու դրա թաքնված կարողությունների մասին, մեր հաղորդումներն առօրյա կյանքից այն կողմ չեն անցնում: Չկա ոչ մի հաղորդում, որտեղ մեզ բացատրվեն ներկայումս ուսումնասիրվող երևույթները, պարզվում է, որ ստեղծվել են հավատարմության, ուրախության ու այլ նմանատիպ հաբեր, իսկ հայերը դրա մասին տեղեկություն չունեն: Մարդիկ գտել են միմյանց հետ առանց խոսքերի հաղորդակցվելու միջոց, իսկ մեզ մինչև հիմա թվում է, որ դա խուլ ու համրերի այբուբենն է: Իսկ ովքեր են պատասխանատու մեր անտեղյակության համար` հեռուստաալիքները ու բնականաբար նաև պետությունը, որ չի հետաքրքրվում դրանցով: Հեռուստացույցը մենակ ժամանցի համար չէ, որ սերիալներով մարդկանց զոմբիացնեն ու դեռ երկու սերիալի միջև էլ գովազդ չգցեն, որ ուզած-չուզած նայես: Նամանավանդ այն մարդիկ, ովքեր անելու բան չունեն և մնացել են հեռուստացույցի հույսին, ի՞նչ պետք է սովորեն, եթե միայն տեսնում են, որ այսօր առևանգեցին ինչ-որ մեկին, վաղը նրան սպանում են, հաջորդ օրը սպանության համար վրեժ են լուծում: Ախր այդ ամենը արդեն վաղուց հնացել է, հազար անգամ մենք այս ամենին հանդիպել ենք տարբեր գրողների մոտ ու ոչինչ չենք կարող սովորել: Մի քանի տարի առաջ գոնե դպրոցականների համար հաղորդումներ կային, որտեղից նրանք կարող էին սովորել դպրոցական առարկաներին վերաբերող որոշ բաներ, տեղեկացվում էինք նաև հին ժամանակներում կատարված, բայց մինչև հիմա չբացահայտված դեպքերի մասին վարկածներին: Իսկ հիմա նմանատիպ ոչ մի հաղորդում չունենք, միայն սերիալներ են կամ լավագույն դեպքում հին, ոչինչ չսովորեցնող, արդեն իրենց դարն ապրած ու իրենց ժամանակին էլ շատ աչքի չընկած ֆիլմեր: Մեր հեռուստաալիքները միայն շահույթի մասին են մտածում, իսկ ժողովրդին կրթելը նրանք ու դպրոցները շարունակ իրար վրա են գցում, և այդպես էլ մենք չենք հավասարվում Եվրոպային, չնայած մեզ եվրոպացի ենք համարում: Բարեբախտաբար մի քանի տարի առաջ` Ռոբերտ Քոչարյանի օրոք, մենք այնքան առաջադիմական քայլեր կարողացանք ձեռնարկել` մեր մշակույթը արտասահմանին ներկայացնելով, որ կարողացանք մեզ համար եվրոպացու տիտղոս նվաճել: Եթե այդ ժամանակ մենք քիչ էինք հետ մնում աշխարհից ու մեզ կարելի էր նաև զարգացած համարել, ապա հիմա մենք չափազանց շատ ենք հետ մնացել աշխարհում կատարվող առաջադիմական իրադարձություններից զարգացած համարվելու համար: Հայտնի է, որ բազմաթիվ նորություններ կան տիեզերքի ու ուսմնասիրության ոլորտում, բայց դե մեզ ինչպե՞ս դա կարող է հայտնի լինել, եթե մեր հեռուստաալիքները չեն էլ մտածում մեզ նման կարևոր հարցերին տեղյակ պահելու մասին: Եվ ոչ միայն չեն իրազեկում, այլ նաև նորմալ ժամանց չեն ապահովում: Մենք նայում ենք այդ սերիալները ոչ թե նրա համար, որ հետաքրքիր են, այլ որովհետև ուրիշ բան չկա անելու, ու դրա համար էլ ողջ օրը «էշացած» հեռուստացույցի առաջ նստելուց հետո զոմբիանում ենք, կորցնում մտածելու ունակությունն ու ամեն ինչի հանդեպ անտարբեր դառնում: Երևի դա է պատճառը, որ այսքան շահագործվելուց հետո էլ ոչ մի բանի դեմ չենք բողոքում, միայն լքում ենք երկիրը:

2 комментария:

  1. Ay dra hamar eel es el haykakan herustaaliqner chem nayum aylevs

    ОтветитьУдалить
  2. Ես արդեն գրեթե մոռացել եմ,թե ինչ բան է հեռուստացույցը...Նայում եմ հազարից մեկ, հետն էլ
    շատ քիչ: Իսկ հայկական հեռուստաընկերությունները չափերն անցել են մինչև վերջ...

    ОтветитьУдалить