пятница, 22 июля 2011 г.

Հայաստանում ապագա չկա՞

Արդեն որերոդ անգամն է` ստիպված պետք է օգտագործեմ աշխատանք բառը: Մեր երկրում ինչն է շատ` պրոբլեմը, բայց այդ բոլոր ոչ տարածքային պրոբլեմները, որոնց վրա հիմա նայում են որպես երկրորդական հարցերի, կապված են աշխատանքի բացակայության հետ: Տեսնենք էլ ինչ խնդրի առաջ է կանգնեցնում աշխատանքի բացակայությունը. այս անգամ պրոբլեմն արտագաղթն է: Դե պատճառը պարզ է. ի տարբերություն Հայաստանի, որտեղ ավարտողները մնում են առանց աշխատանքի ու առանց հեռանկարների, արտասահմանում միշտ գնահատվում են լավ մասնագետները, չնայած, որ Հայաստանն ավելի շատ ունի լավ մասնագետի կարիք ու բոլոր ոլորտներում: Բայց դե ինչպե՞ս մեղադրես երիտասարդներին, ովքեր գիտեն, որ բավարար խելք ունեն արտասահմանում լավ աշխատանքով բարեկեցիկ կյանք ունենալու համար և իրենց ապագան չեն տեսնում Հայաստնում: Եթե սովորում ես կոնկրետ բուհում կոնկրետ մասնագիտություն ստանալու համար, նշանակում է` այդ մասնագիտությամբ ես ուզում աշխատել:Պետք է ենթադրել,որ հայերի համար կայանալը Հայաստանում ավելի հեշտ պետք է լինի, սակայն ստացվում է, որ մարդիկ արտասահմանում կարողանում են աշխատել իրենց մասնագիտությամբ, իսկ Հայաստանում` ոչ` աշխատատեղերի բացակայության պատճառով: Բացի այդ, Հայաստանում օրինակի համար տնտեսությունն այնքան է հետ մնացել, որ մեր մասնագետները ուղղակի չեն կարող արտասահմանցիներին հավասար գիտելիքներ ունենալ, և այստեղ էլ առաջ է գալիս նաև լավ կրթություն ստանալու խնդիրը: Հիմա բարեբախտաբար կրթությունը զարգացել է, քանի որ ՀՀ երկրորդ նախագահի օրոք կապ հաստատվեց արտասահմանյան բուհերի հետ, ու այսօր Օքսֆորդի կամ Հարվորդի համալսարաններում սովորելն անիրականանալի երազանք չէ, և փորձի փոխանակման արդյունքում  գիտելիքներն ավելի շատացան, բացի այդ արտասահմանում սովորողներն սկսեցին ավելի ժամանակակից ձևով մոտենալ տվյալ մասնագիտությանը, փոխվեց նաև նրանց մտածելակերպը: Սա բնականաբար մեծ առաջընթաց էր, ինչ խոսք, նամանավանդ երբ արտասահմանում սովորածները նաև լավ աշխատանք էին գտնում Հայաստանում` որպես նորարարներ: Սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում կրթության մակարդակի բարձրացմանը զուգահեռ աճեց նաև գործազրկությունը: ՈՒսանողները, համոզված չլինելով, որ Հայաստանում կարող են այնպիսի լավ ու բարձր վարձատրվող աշխատանք գտնել, ինչպես արտասահմանում, գերադասում են գործի տեղավորվել այնտեղ ու այլևս մշտական բնակության համար չվերադառնալ: Դե եթե հաշվի չառնենք այն հանգմանքը, որ հայրենիքը սրանից տուժեց, համենայն դեպս մարդիկ իրենց կյանքը կարողացան դասավորել և արժանի էին այն աշխատանքին, որ կատարում են արտասահմանում: Կարծես հենց սփյուռքահայերի շնորհիվ էլ սկսեցին մեզ գնահատել. հայերը տաղանդավոր են, քանի որ ունեն Շառլ Ազնավուր, Շեր, SOAD, գեղեցիկ, քանի որ ունեն Քիմ Քարդաշյան, հումորասեր` Գարիկ Մարտիրոսյանի շնորհիվ և այլն: Բայց այստեղ կա մի խնդիր. մենք այնուամենայնիվ օտար ենք այդ երկրներում և մեր իրավունքները ցանկացած պահի կարող են ոտնահարել կամ սահմանափակել: Այսինքն մենք չենք կարող մեզ ապահով զգալ արտասահմանում ու հարկավոր է այնպես անել, որ եթե երկրից հեռանալուց տարիներ հետո վերադառնալու անհաժեշտություն լինի, այն գտնենք բարվոք վիճակում ու կարողանանք նաև այստեղ բարեկեցիկ կյանքով ապրել:Բայց մենք ունենք մի առավելություն` մաքուր օդ, գեղեցիկ բնություն... Լավ, թողնենք այս առավելությունները, հիմա մարդիկ առողջ լինելու մասին չեն մտածում: Այսօր շատերը ապագա չեն տեսնում Հայաստանում, բայց գուցե մեզ հաջորդող սերու՞նդը կարողանա ապրել խոստումնաշատ երկրում, եթե մենք ամեն ձևով օգտակար լինենք հայրենիքին թեկուզ այնքան ժամանակ քանի դեռ չենք հեռացել...

Комментариев нет:

Отправить комментарий