суббота, 9 июля 2011 г.

Հայ ուսանողի արձակուրդները

Նորից սկսեցին այս անտանելի շոգ օրերը: Մենք էլ ուրախացել էինք, թե արձակուրդ է, վերջապես ազատվեցինք արդեն խելագարեցնող քննություններից, կարող ենք անել` ինչ ուզում ենք, կարող ենք քնել, երբ ուզում ենք` առանց մտածելու պարտականությունների մասին:Եվ այսպես ուրախացած եկանք, նստեցինք համակարգչի առաջ ու սպառեցինք գերարգ ինտերնետի 2-6 մեգաբայթերն այնքան արագ, ինչքան կարող էինք: Արդեն երրորդ օրը չկար մի ֆիլմ, որ մեզ հետաքրքրեր ու տեսած չլինեինք, մանրամասնորեն տեղեկացանք ընկերների ու բարեկամների կյանքի վերջին նորություններին: Իսկ հիմա՞ ինչ անել: Շոգն էլ մյուս կողմից այնքան է թմրեցնում, որ ուզում ես քնել, քնել ու ոչինչ չանել:Գոնե այս սարսափելի եղանակին դիմանալու համար ծովի ափին հայտնվեինք, մի քիչ հովանայինք: Դե մենք ունենք անփոխարինելի Սևան լիճը, որտեղ կարելի է հանգստանալ, նամանավանդ, որ այնտեղ ժամանցն ավելի է հետաքրքրացել, երբ 2007թ. Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ բացվեց վինդսերֆինգի ակումբը, որի ամենաակտիվ կենտրոնը, բնականաբար, Սևանն է:Բայց կա մի խնդիր. մենք` հայերս, սիրում ենք թանկացնել այն ամենը, ինչ կապված է մեզ համար սուրբ համարվող մարդկանց, իրերի ու վայրերի հետ` «հոր գինն ա ասում», «պապի գինն ա վրան դրել» և այլն: Դե քանի որ Սևանը մեր հպարտությունն է, մեզ նման սրբությունները հարգող ազգի համար մեծ անպատվություն կլինի այնտեղ հանգստանալու գինն այնքան գցելը, որ բոլորի գրպանին համապատասխան լինի: Դրա համար էլ հանգստացողները հիմնականում նախընտրում են Քոբուլեթին ու Բաթումին: Դե պատճառը պարզ է. այդտեղ նույն գնով կարելի է ավելի երկար հանգստանալ: Բայց մենք անգամ այդ վայրերում չենք կարող անցկացնել մեր արձակուրդը առանց ծնողներին նեղություն տալու: Ի տարբերություն արտասահմանցիների, ովքեր դեռևս դպրոցական տարիքից ինքներն են հոգում իրենց ֆինանսական ծախսերը և որոնց ուսուցման համար վճարելը ևս ծնողների գործը չէ, մենք մինչև մոտավորապես 23 տարեկան գտնվում ենք մեր բարի ու հոգատար ծնողների խնամակալության տակ և մեզնից շատերի մտքով անգամ չի անցնում աշխատել(Դիպլոմը ձևի համար է): Այնպես որ, մեր հանգիստը լրիվ կախված է ծնողներից. կտրամադրեն անհրաժեշտ ֆինանսական միջոցները` կհանգստանանք, չեն տրամադրի` չենք հանգստանա: Հետո էլ մեզ համեմատում ենք ամերիկացիների ու եվրոպացիների հետ ու գտնում, որ մենք ավելի խելացի ենք, քան նրանք, զուտ այն պատճառով, որ լավ շախմատիստներ ունենք: Բայց եթե բացի ունենալուց նաև գործի դնեինք մեր խելքը, կստիպեինք ղեկավարությանը մտածել ուսանողների մասին: Այսպես է լինում, որ սկսում են բողոքեն, թե ուսանողները չեն ուզում սովորել: Ախր չէ՞ որ մենք էներգիայի անսպառ աղբյուր չենք. ողջ տարին սովորում ենք, սպառում մեր էներգիան ու երկու ամսում չենք հասցնում վերականգնել այն, քանի որ «արձակուրդ» բառը Հայաստանի ուսանողների մեջ սկսել է նույնացվել «պարապություն» բառի հետ: Մենք էլ սկսում ենք սովորել այդ պարապ վիճակին ու հետո չենք կարողանում տրամադրվել դաս անելուն: Փաստորեն ստացվում է, որ լավ հանգիստ պահանջելով` մենք մտածում ենք ոչ միայն մեր, այլ նաև երկրի ապագայի մասին. մի՞թե մեզ պետք չեն լավ մասնագետներ: Բայց մենք արդեն չենք ուզում սովորել, որովհետև շատ հաճախ կարմիր դիպլոմով ավարտած ուսանողն աշխատանքի չի ընդունվում, եթե իհարկե ծնողները չեն որոշում գերազանց առաջադիմության համար իրենց երեխային աշխատանքով պարգևատրել: Էլ չեմ ասում, որ հոգնությունը թույլ չի տալիս մտածել ապագայի մասին: Ի՞նչ ապագա, երբ անգամ ներկան կարգավորված չէ: Հետո էլ ասում ենք, թե աշխատասեր ենք ու որպես ապացույց ցույց ենք տալիս Թումանյանի ու Վարուժանի գործերը: Բայց թողնու՞մ եք, որ աշխատենք: Մեզ` աշխատասեր ազգիս, զրկել եք մեր ամենամեծ առաքինությունից` աշխատասիրությունից, և դեռ բողոքում եք, թե մե'նք չենք կատարում մեր պարտականությունները: Դատարկ խոսքերով իրականությունը քողարկելը վատ տարբերակ չի, բայց մի' մոռացեք, որ մենք իրոք խելացի ենք, այս հարցում հաստատ գլուխ չենք գովում, և մեզ խաբելը հեշտ չի լինի: Չեմ հասկանում, իրո՞ք այս հարցն այդքա՜ն անկարևոր է, որ ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնել վրան:

1 комментарий:

  1. Meline jan shaat lav es grel, sax chishtes asum, menak voch vok ushadrutyun chi dardznum es himnaxndri vra cavoq ... Eduard

    ОтветитьУдалить